arm    eng    rus   

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սա մի ընտանիքի պատմություն է, որտեղ տարեց հայրը ունեւոր եւ իմաստուն մարդ է, ավագ որդին կայացած գործարար, փոքր որդին՝ դեռ ինքնության որոնումների մեջ, իսկ միջնեկը՝ «անառակ»։ Անառակ՝ ըստ մարդկանց, որոնց թվում է, որ իրենց կարծիքը միակ ճշմարտությունն է, մարդկանց, որոնք անողոք սառնասրտությամբ կարող են մեղադրել, դատել  ուրիշին...

Իսկ «անառակը», հեռանալով հայրական օջախից, թափառել է օտարության մեջ, ինչպես իր նախատիպը, փորձել է գտնել ինչ որ բան կյանքում (մի գուցե անիմաստ), բայց դա նրան չի հաջողվել... տանուլ է տվել, տարիներ կորցրել, հնարավորություններ բաց թողել, արհամարհանքի ու քամահրանքի արժանացել, թշվառության մեջ հայտնվել, ի վերջո զղջացել։

Եւ հիմա կրկին, եւս մեկ անգամ ուզում է ամեն ինչ սկսել նորից։ Բայց այս անգամ նրան խոչընդոտում են իր իսկ մերձավորները՝ չտալով որեւէ հնարավորություն։